fbpx

Fintech Forum Armenia | 2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հոկտեմբերի 11-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության և Բիզնեսի միջազգային ակադեմիայի (IAB) նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինթեք ֆորում Հայաստան 2022» (Fintech Forum Armenia 2022) միջոցառմանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Բիզնեսի միջազգային ակադեմիայի (IAB) տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը:

 

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին, ընդգծել, որ ինչպես ֆինանսական ոլորտի, այնպես էլ տնտեսության այլ ոլորտների գործունեությունն առանց տեխնոլոգիաների այսօր հնարավոր չէ պատկերացնել։

 

«Այս միջոցառումն էական նշանակություն ունի ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչների համար, քանի որ այն հնարավորություն է ստեղծում մասնակիցներին մեկ վայրում հանդիպելու, միմյանց խնդիրները հասկանալու, գաղափարները քննարկելու և համատեղ որոշակի խնդիրների հնարավոր լուծումներ գտնելու համար։ Ժամանակակից ֆինանսաբանկային համակարգի գործունեությունը հիմնված է բարձր տեխնոլոգիական և թվային լուծումների, նորարարության, արհեստական բանականության և իհարկե կիբեռանվտանգության վրա։ Նշյալ ոլորտներում մեծ է Միացյալ Թագավորության փորձը, որի հետ ծանոթանալն ու կիրառելը, կարծում եմ, կարևոր կլինի հայաստանյան շուկայի համար»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը։

 

 

Անդրադառնալով պետական հատվածում թվայնացման աշխատանքների իրականացման գործընթացներում Միացյալ Թագավորության փորձին՝ նախարարը նշել է, որ բանկային թվային ծառայությունների առաջընթացը նաև որոշակի ռիսկեր է պարունակում։ Թվայնացնելով պետական կառավարման համակարգը՝ անհրաժեշտ է նաև պատրաստվել մարտահրավերներին և դրանք դարձնել առավելագույնս կառավարելի։ Նախարարը հույս է հայտնել, որ միջոցառման արդյունքում կձևավորվեն համագործակցության նոր հնարավորություններ, միջոցառումը նաև հարթակ կհանդիսանա փորձի փոխանակման և ձեռքբերումների ներկայացման համար։

 

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը ևս ողջունել է ֆորումի մասնակիցներին. «Մեծ Բրիտանիան աշխարհի խոշորագույն ֆինանսական ծառայություններ արտահանողն է և Եվրոպայի առաջատար ֆինթեք կենտրոնը։ ԱՄՆ 1 միլիարդ դոլարից ավելի արժեք ունեցող եվրոպական ֆինթեք ընկերությունների գրեթե կեսը ստեղծվել է Միացյալ Թագավորությունում: Անցյալ տարի Բրիտանիան ավելի շատ ներդրումներ է ներգրավել, քան Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան և Նիդերլանդները միասին վերցրած: Ուստի, հուսով եմ, որ Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող այս ֆորումը կներկայացնի Միացյալ Թագավորության նորարարական տեխնոլոգիաները, որոնք կաջակցեն Հայաստանում ֆինթեք ոլորտի աճին և ներքին ֆինանսական շուկայի հետագա զարգացմանը»,- ասել է Ջոն Գալագերը։

 

Միջոցառման կազմակերպիչներից Բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը ներկայացրել է ֆորումի նպատակը, որը պետական և մասնավոր կառույցների, ֆինանսական և ՏՏ կազմակերպությունների համար կառուցողական հարթակ դառնալն է՝ օժանդակելու Հայաստանին, բարելավելու ֆինթեք արդյունաբերության, կրիպտոյի և ֆինանսական ոլորտները: Ֆորումի ընթացքում տեղական և միջազգային խոսնակների մասնակցությամբ կայացել են պանելային քննարկումներ «Բաց բանկային գործունեություն. դրա հնարավորություններն ու մարտահրավերները», «Ֆինթեք էկոհամակարգ», «Տվյալների որակական հատկանիշներ», «Նոր ներդրումային հնարավորություններ ֆինթեք ստարտափների համար» թեմաների շուրջ:
October 28, 2022
top
X